Խառնվածքի տիպերի դասակարգման պատմության մեջ առաջինը ըստ հնության հիշատակվում է հումորալ տեսությունը։ Այն հիմնված է հին հույն բժիշկ Հիպոկրատի մ.թ.ա. 5-րդ դարում առաջ քաշած հեղուկների մասին տեսության վրա։ Համաձայն այդ տեսության մարդու օրգանիզմում եղած չորս հեղուկների՝ արյան, ավշի, լեղու և սև լեղիի, օպտիմալ հարաբերության խախտումը հանգեցնում է տարբեր հիվանդությունների, իսկ պահպանումը ապահովում է առողջ վիճակ։ Ընդ որում Հիպոկրատը ոչ մի կապ չէր հաստատում այդ հեղուկների քանակի հարաբերության և մարդու հոգեկան հատկությունների մեջ։ Դա արեց հռոմեացի բժիշկ, գիտնական Կլավդիոս Գալենը, և ըստ այն բանի, թե այդ հեղուկներից որն է գերակշռում օրգանիզմում՝ արյունը, ֆլեգման, լեղին, թե սև լեղին, նա մարդկանց ըստ խառնվածքի տիպերի բաժանեց 9 խմբի, որոնցից սակայն հետագայում մնացին չորսը՝ համապատասխանաբար սանգվինիկներ, ֆլեգմատիկներ, մելանխոլիկներ և խոլերիկներ։
Սանգվինիկները, ըստ հումորալ տեսության, բնութագրվում են հեշտ գրգռողականությամբ և հետաքրքրության արագ փոփոխմամբ, հետաքրքրությունները թույլ են արտահայտվում, ի տարբերություն խոլերիների, որոնք սանգվինիկներից տարբերվում են հետաքրքրությունների խորությամբ և ուժեղությամբ։ Ֆլեգմատիկները և մելանխոլիկները ունեն կայուն, բայց ցածր գրգռողականություն, սակայն առաջինների մոտ հետաքրքրությունները թույլ են, իսկ մելանխոլիկների մոտ՝ ուժեղ։
Այս տիպերը իրենց անվանումները ստացան Հիպոկրատի առաջադրած հեղուկներից, և չնայած որ, վաղուց արդեն հումորալ տեսությունը կորցրել է իր ակտուալությունը և համարվում է թյուր, դրանք մինչև այժմ օգտագործվում են և հետագայում կատարված տիպաբանական բաժանումները որոշ գործոններով համընկնում են հումորալ տեսության հետ։ Դա բացատրվում է նրանով, որ խառնվածքին վերագրվող որոշ հատկություններ կախված են հումորալ համակարգի ֆունկցիոնալ առանձնահատկություններից, որով էլ մասամբ պայմանավորված է արյան բաղադրությունը։
Ի.Կանտը առաջինն էր, որ խառնվածքը սահմանեց հոգեբանորեն՝ որպես անձի հոգեկան հատկություն։ Նա առաջնային նշանակություն էր տալիս արյան անհատական առանձնահատկություններին և համարում էր, որ դրանք են խառնվածքի հիմք հանդիսանում։ Ռուս մանկավարժ և բժիշկ Պ.Ֆ.Լեսգաֆտը խառնվածքի տիպերը կախված են արյան հոսքի արագությունից և ուժից, հետևաբար նաև արյունատար համակարգի կազմվածքից։