Պոչամբարներ

Ի՞նչ է պոչամբարը

Պոչամբարն այն կառույցն է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմիական թափոններն ու հանքաջրերը։ Դրանք հիմնականում կառուցվում են հանքավայրերին մոտ տարածքներում: Գործող պոչամբարներն առաջին հայացքից նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները «հարուստ» են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութերով: Պոչամբարները գործում են մինչև նախագծով դրանց համար նախատեսված ծավալի սպառումը կամ հանքավայրի շահագործման ավարտը: Պոչամբարները փակվում են՝ պատվելով հողային շերտով, որի վրա այնուհետ բուսականություն է աճեցվում: Այդպես փորձ է արվում կանխել պոչամբարներում կուտակված վտանգավոր նյութերի ներթափանցումը բնական միջավայր:

Իրավիճակ

Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա: Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից: Ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում:

հանքարդյունաբերության դերը Հայաստանում

Հանքարդյունաբերությունը, լինելով ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում ինչպես ոլորտի, այնպես էլ ողջ տնտեսության զարգացման գործում` կազմելով 2010 թ. ՀՆԱ շուրջ 4.7%-ը։ Արդյունաբերական ներուժը յուրաքանչյուր երկրի` ներքին ռեսուրսներով ապահովվածության կարևորագույն ցուցանիշներից մեկն է, այդ իսկ պատճառով այժմ մեծ նշանակություն է տրվում արդյունաբերության ոլորտի հատկապես որակական զարգացման հեռանկարին (շեշտը դնելով հանքարդյունաբերական արտադրանքի մշակման որակի բարձրացման և սկզբնական սպառման շղթայի ապահովման վրա), ինչը թույլ կտա ապահովել առկա ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձր աստիճան, հետևաբար` լրացուցիչ եկամուտներ։ Հատկանշական է, որ 2010 թ. արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալի 9.7% աճը (համադրելի գներով) հիմնականում պայմանավորված է եղել hանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալի 24%-ը (համադրելի գներով) գերազանցող աճով։